«Վերնատուն». Մասնագիտական ֆորում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 09.09.2026
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 12-ին կանցկացվի «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը՝ նվիրված Գրիգոր Խանջյանի 100-ամյակին։ Միջոցառման գլխավոր շարժառիթը նկարչի հսկա որմնանկարների վերականգնումն է, որը հաջողությամբ իրականացվել է 5 ամիս տևած աշխատանքի արդյունքում։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանն ու նկարիչ-վերականգնող Ավետիս Ստեփանյանը ներկայացրել են ֆորումի նպատակներն ու ոլորտի մարտահրավերները։ Լիզա Շիրինյանի խոսքով՝ վերականգնումը չափազանց պատասխանատու գործ է, քանի որ սխալ միջամտությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ավետիս Ստեփանյանն ընդգծում է, որ վերականգնողի աշխատանքը ստեղծագործական բաղադրիչ չունի. լավագույն արդյունքն այն է, երբ կատարված փոփոխություններն աննկատ են մնում, իսկ առաջնայինը՝ որպեսզի պահպանվի հեղինակի ձեռագիրը։ Վերականգնողի խնդիրը՝ վերականգնել, ապահովել ցուցանմուշի պահպանությունը և գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելն է։ Այցելուներին այդ բարդ պրոցեսը ներկայացնելու համար Խանջյան սրահում՝ վերաբացումից հետո, տեղադրվել է տեսանյութ, որտեղ մանրամասն ցուցադրված է վերականգնման «միկրովիրաբուժական» աշխատանքը։ Ֆորումի առաջին հատվածում վերականգնող թիմը կներկայացնի Գրիգոր Խանջյանի որմնանկարի վերականգնման փուլերը։ Երկրորդ հատվածում Հայաստանի վերականգնողների ասոցիացիան կանդրադառնա հնագիտական գտածոների, գրավոր ժառանգության պահպանմանն ու հայկական վերականգնման ձեռագործ թղթի պատրաստմանը, ինչպես նաև կներկայացվի Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավի վերականգնման պատմությունը։